Լաչինի միջանցքի արգելափաման 100-րդ օրն Ադրբեջանը նշանավորեց Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով, կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Aysor.am-ը։
«Սրան նախորդեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը, որն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել։ Թալիշ գյուղում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման ու ցեղասպան քաղաքականության հիմնարար, հիմնավոր ապացույց է։ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այս գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանն ու դրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ։ Այն, ինչի մասին ահանզանգում էինք երկար ժամանակ, ահա այլևս իրականություն է։ Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը՝ սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները ու հարցը համարել լուծված», - նշեց վարչապետը։
«Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորվեր հայ բնակչության Թալիշ վերադառնալով, ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով», - ընդգծեց Փաշինյանը։
«Որպես նշված հայտարարության հասցեատերերից մեկը՝ ուզում եմ հստակ ընդգծել, որ նշված պահանջն արդարացի եմ համարում, ու Հայաստանի կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական ու դիվանագիտական միջոցները՝ հայտարարության հեղինակների ու շահառուների իրավունքները պաշտպանելու համար», - նշեց Նիկոլ Փաշինյանը։