Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ:
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:
Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.
Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,
Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում,
Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։