ՆԱՏՕ-ի քարտուղարն արեւմտյան երկրներին կոչ է արել պատրաստվել երկարատեւ հակամարտության Ուկրաինայում

11:45     23 մարտի, 2023

Արևմուտքը պետք է պատրաստվի երկարատև հակամարտության Ուկրաինայում, քանի որ դրա կարգավորման հեռանկար առայժմ չի նկատվում։ Այսպիսի կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը The Guardian բրիտանական թերթի հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ հակամարտությունն Ուկրաինայում կարելի է անվանել «հյուծման պատերազմ»։ Սթոլտենբերգը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարությունը «խաղաղություն չի նախատեսում»։ Գլխավոր քարտուղարը նշել է, որ Արևմուտքի երկրները պետք է ավելացնեն արտադրական հզորություններն Ուկրաինա նոր զինամթերքներ և սպառազինություն ուղարկելու համար։ «Զինամթերքների ծախսի ընթացիկ նորմն ավելի բարձր է, քան արտադրության ընթացիկ արագությունը»,- ավելացրել է նա։

Սթոլտենբերգը, մարտադաշտում իրադարձությունների զարգացման համատեքստում, ասել է, որ ՆԱՏՕ-ի մատակարարած օգնությունն ուղղված է հակահարձակման իրականացմանն Ուկրաինայի կողմից։ Ընդ որում՝ նա հերթական անգամ նշել է, որ դաշինքը հակամարտության կողմ չէ, իսկ ռազմական որոշումները կայացնում է ուկրաինական հրամանատարությունը։ Խոսելով Ուկրաինա ամերիկյան F-16 կործանիչների մատակարարման մասին՝ գլխավոր քարտուղարն ասել է, որ «որոշում չի կայացվել»։

Բացի այդ, Սթոլտենբերգն ընդգծել է, որ արևմտյան երկրները պետք է ավելի շատ միջոցներ հատկացնեն իրենց պաշտպանությանը։ «Հուլիսին Վիլնյուսի մեր գագաթաժողովում ես ակնկալում եմ, որ դաշնակիցները կհամաձայնեն ավելի հավակնոտ պաշտպանական ներդրումների (ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը) պարտավորություն վերցնել»,- նշել է նա։


© armedia.am