Արգելափակելով ճանապարհը՝ Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակ. Արցախի պետնախարար

13:19     23 մարտի, 2023

Արդեն 102 օր է Արցախի ժողովուրդը գերության մեջ է, փակ է Հայաստանի, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից առաջ քաշված կեղծ բնապահպանական և այլ պատրվակներով։ «100-ից ավելի օր Արցախը շրջափակման մեջ է» թեմայով ասուլիսում Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ասաց, որ թեև այս ողջ ընթացքում համընդհանուր քննարկման առարկա է դարձված ճանապարհի արեգլափակումը, սակայն դա արցախցիների իրավունքների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների համակարգային գործողությունների մեջ ընդամենը տարրերից մեկն է կազմում, քանզի Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակ իր տարբեր գործողություններով, փոխանցում է Panorama.am-ը։

«Առաջին՝ տնտեսական շրջափակում և Արցախի կենսագործունեության բնականոն պայմանների վերացումն է։ Դա տեղի է ունենում  էներգամատակարարման, գազամատակարարման  պարբերաբար դադարեցումների, խափանումների, ներքին ու արտաքին կապի, հեռավար կապի միջոցների աշխատանքների համար խոչընդոտներ ստեղծելով,  Արցախ ներկրվող ապարանքների մատակարարման դադարեցմամբ, գյուղատնտեսական աշխատանքների խաղաղ ընթացքին խոչընդոտելով։

Երկրորդ՝ ֆիզիկական և հոգեբանական ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքի ցուցադրումն է։ Դա ոչ միայ  կատարվում է  փաստացի գործողություններով, մշտապես զուգորդվում և  ուղեկցվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հրապարակային խոսքով։

Երրորդ գործողությունը,  որ հետապնդում են ադրբեջանցիները, արցախցիներին հոգեբանական  ահաբեկչության ենթարկելն է, վախի ու սարսափի մթնոլորտ, անիշխանության, անորոշության վիճակ ստեղծելն է։

Չորրորդ գործողությունը՝ Արցախի էթնիկ զտումն է ընդհուպ մինչև ցեղասպանություն։ Արցախն Ադրբեջանին պետք է առանց հայերի կամ առավելագույնը քիչ թվով հայերով, դրա համար փորձում են ձեռնարկել  բոլոր միջոցները Արցախը դատարկելու համար, ու այդ նպատակին հասնելու համար Ադրբեջանը ոչինչ չի խնայում»,- Ադրբեջանի նպատակները թվարկեց Գ.Ներսիսյանը։ 

Նա նշեց, որ  ճանապարհի արգելափակման առաջին օրվանից ապավինել են ռուս խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության օգնությանը, այս ընթացքում մի կերպ հասցնում են պարեն, դեղորայք, առաջին  անհրաժեշտության ապրանքների նվազագույն չափաքանակը։

Պետնախարարի խոսքով, լրջագույն վնաս է հասցվել տնտեսության ճյուղերին, տարբեր ոլորտներին, հարկային եկամուտները կրճատվել են մոտ 70 տոկոսով, առկա է գործազրկության մեծ ցուցանիշ։

Դիմելով միջազգային հանրությանը՝ նա նշեց, որ նրա աչքի առաջ գրեթե շուրջօրյա տեղի են ունենում ոճրագործություններ,  մարդկային պարզագույն իրավունքների ոտնահարման բացահայտ փորձեր։

«Միջազգային հանրությունը շարունակում է  լուռ մնալ, այդ իսկ  պատճառով Ադրբեջանը ամենօրյա և պարբերաբար ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը, 3 ամիս շարունակ Արցախը շրջափակման մեջ պահող Ադրբեջանը ոչ միայն ըստ անհրաժեշտության և  առարկայացված չի քննադատվել միջազգային հանրության կողմից, այլևս ցուցաբերված անգործությունից և պասիվությունից օգտվելով՝ Ադրբեջանը նույնիսկ ավելի է սաստկացրել իր գործողությունները՝ կատարելով սպանություններ ու այդ ամենից հետո շարունակելով մնալ անպատիժ»,- ասաց Գուրգեն Ներսիսյանը։


© armedia.am