«Ես անգամ չեմ ուզում ադրբեջանական կողմի հնչեցրած այդ ձևակերպումն օգտագործել»,- «100-ից ավելի օր Արցախը շրջափակման մեջ է» թեմայով ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե այս ընթացքում Բաքուն խոսում է Արցախի ինտեգրացիայից, ինչպե՞ս է Ստեփանակերտը տեսնում այս իրավիճակում խնդրի լուծումը։
Panorama-ի հաղորդմամբ, նա նշել է, որ Արցախը շարունակելու է իր պայքարն իրացված ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ։
«Չնայած բոլոր դժվարություններին, որոնք առկա են շրջափակման հետևանքով, Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր ընտրած ճանապարհին, գործադրելու է բոլոր ջանքերը, ակնկալում է աշխարհասփյուռք մեր բոլոր հայրենակիցների, գործընկերների ակտիվ մասնակցությունն այս պայքարում»,- ասաց Արցախի ԱԳ նախարարը։
Ս.Ղազարյանը խորհուրդ տվեց ինտեգրացիա, ռեինտեգրացիա ձևակերպումները քիչ օգտագործել։
«Աշխարհում ընդունված է ինտեգրացիա բառը դրական ընկալել։ Այս պարագայում բացառված է որևէ նման ձևակերպում Ադրբեջանի հետ։
Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է»,- ասաց նա։