ԵԱՏՄ-ում համաձայնեցրել են ազգային արժույթի օգտագործման մոտեցումները․ Միշուստին
Ռուսաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ համաձայնեցրել է ազգային արժույթի օգտագործման ընդլայնման մոտեցումները: Այս հայտարարությունն արել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Պետդումայում կառավարության 2022 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս, փոխանցում է Sputnik-ը։
«Ապրանքաշրջանառությունն ավելի մեծացնելու համար միավորման ներսում անկախ ֆինանսական համակարգ ենք զարգացնում։ Համաձայնեցրել ենք նաև ազգային արժույթների օգտագործման ընդլայնման մոտեցումները։ Անցյալ տարի միայն ապրանքների մասով դրանց մասնաբաժինը 85 տոկոս է կազմել։ Նախատեսում ենք շարունակել դրանցում հաշվարկների ավելացումը», - ասել է Միշուստինը։
Հունվարի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել էր 2023 թվականին ԱՊՀ-ի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հետ ազգային արժույթներով վճարումների առևտրի աճի առաջանցիկ տեմպեր ապահովել։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ Այն գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։