Ճապոնիան առաջին երկրներից էր, որ արձագանքեց 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին: Այս մասին մարտի 24-ին ասել է Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական բաժնից:
Ողջունելով հյուրին` բարեկամական խմբի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը մեր երկրում: Նա շնորհակալություն է հայտնել Ճապոնիային Հայաստանին ցուցաբերած աջակցության համար` կարևորելով երկու երկրների փոխհամագործակցության խորացումն ինչպես տնտեսական, այնպես էլ մյուս ոլորտներում:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա պատճառով առաջացած հումանիտար հետևանքներին և հիմնախնդիրներին` Բաբկեն Թունյանը նշել է, որ 120 հազար մեր հայրենակից գտնվում է փաստացի շրջափակման մեջ: Նա անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին:
Մասանորի Ֆուկուշիման ընդգծել է, որ Ճապոնիան կարևորում է Հայաստանի հետ փոխհամագործակցությունը: Նա նշել է, որ Ճապոնիան պատրաստ է նպաստել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին թե' դեմոկրատական ինստիտուտների կայացման, թե' թվայնացման և այլ ուղղություններով: Դեսպանի խոսքով այս ընթացքում տեղի են ունեցել բավականին ակտիվ մշակութային միջոցառումներ: Մասանորի Ֆուկուշիման կարևորել է փոխադարձ այցելությունները թե' բարեկամական խմբերի և թե' գործարար համայնքների միջև:
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Հայաստանի ճանաչելիության մեծացմանը Ճապոնիայի գործարարների շրջանակում: