Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան կիրակի օրը նախազգուշացրել է, որ ֆինանսական կայունության ռիսկերն աճել են և ընդգծել բանկային ոլորտում վերջին ցնցումներից հետո «զգոնության անհրաժեշտության մասին», հաղորդում է ՌԻԱ Նովոստի:
Ելույթ ունենալով Պեկինում կայացած ֆորումում՝ ԱՄՀ-ի գործադիր տնօրենն ասել է, որ ակնկալում է, որ 2023 թվականը «կլինի ևս մեկ դժվար տարի», որտեղ համաշխարհային աճը կդանդաղի մինչև 3.0 տոկոս՝ Ուկրաինայի պատերազմի, դրամավարկային խստացման վարկային քաղաքականության և կորոնավիրուսի թողած «սպիների» պատճառով:
«Անորոշությունը բացառապես բարձր մակարդակի վրա է, և համաշխարհային տնտեսության հեռանկարը, ամենայն հավանականությամբ, միջնաժամկետ կտրվածքում կշարունակի թույլ մնալ», - ասել է ԱՄՀ-ի ղեկավարը և հավելել․ «ակնհայտ է նաև, որ ֆինանսական կայունության ռիսկերը մեծացել են»:
Պարտքի ավելի բարձր մակարդակի ժամանակ, ցածր տոկոսադրույքների երկարատև շրջանից արագ անցումը գնաճի դեմ պայքարելու համար անհրաժեշտ շատ ավելի բարձր դրույքաչափերին անխուսափելիորեն սթրես և խոցելիություն է ստեղծում, նշել է Գեորգիևան։
ԱՄՀ ղեկավարը, միաժամանակ, մատնանշել է Չինաստանի վերականգնումը որպես «լուսավոր կետի» համաշխարհային տնտեսության համար։
ԱՄՀ-ն կանխատեսում է, որ Չինաստանի տնտեսությունն այս տարի կաճի 5,2 տոկոսով՝ պայմանավորված մասնավոր սպառման վերականգնմամբ, քանի որ երկիրը դուրս է գալիս համաճարակի արգելափակումից:
Չինաստանը կկազմի համաշխարհային աճի մոտ մեկ երրորդը 2023 թվականին, ինչը ողջունելի խթան կհանդիսանա համաշխարհային տնտեսության համար, ընդգծել է Գեորգիևան։
«Չինաստանում ՀՆԱ-ի աճի 1,0 տոկոսային կետով աճը հանգեցնում է ասիական այլ տնտեսությունների աճի միջինը 0,3 տոկոսային կետով, ինչը ողջունելի խթան է», - ասել է նա:
Գեորգիևան Չինաստանի քաղաքականություն մշակողներին հորդորել է ձգտել խթանել արտադրողականությունը և վերականգնել տնտեսությունը՝ հեռանալով ներդրումներից և գնալով դեպի ավելի կայուն սպառման վրա հիմնված աճի: