Վերջերս Սաուդիան Արաբիայի Էներգիայի նախարար Աբդել Ազիզ բեն Սալման Ալ Սաուդը Energy Intelligence-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է՝ սաուդյան նավթի գների նկատմամբ վերին շեմի սահմանումը կհանգեցնի նավթի արդյունահանման ծավալները կրճատելու և արտահանումը դադարեցնելու Էր-Րիադի պատասխան գործողությանը:
Սաուդյան Արաբիայի, ըստ էության, նման վերջնագրային հայտարարության առիթն ԱՄՆ Սենատում քննարկման դրված NOPEC (No Oil Producing and Exporting Cartels Act) օրենքի նախագիծն է:
Խոսքը վերաբերում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից մշակված օրենքի նախագծին, որը թույլ է տալիս նավթ արյունահանող երկրների նկատմամբ գործող հակամենաշնորհային օրենսդրության շրջանակներում հայց ներկայացնել: Օրինագիծն ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանական կոմիտեի կողմից ընդունվել է 2022 թ. մայիսի 5-ին: Ընդհանուր առմամբ այս օրինագիծը կարելի է համարել OPEC միավորի դեմ աշխատող օրինագիծ՝ քանի որ ունի անդամ-երկրների միջև նավթի արդյունահանման ծավալների ու գների համաձայնեցված որոշումների դեմ պայքարի նպատակ:
OPEC-ի անդամները գործող կարտելային համաձայնություններին վերագրում են նավթի համաշխարհային շուկայում կարգուկանոնի ու կանխատեսելիության ձևավորման առաքելությունը: Ըստ նրանց, վերոնշյալ օրինագծի ընդունման պարագայում շուկայում քաոս կտիրի:
Իրականում երկու կողմն էլ իրավացի են: Այո՛, OPEC երկրների համաձայնեցված քաղաքականությունը նավթի համաշխարհային շուկայում, այ թվում՝ OPEC անդամ չհանդիսացող նավթ արդյունահանողների համար թելադրող է: Բայց և այդ համաձայնության բացակայությունն իսկապես տուրբուլենտության բավական մեծ ռիսկեր է պարունակում: Դրա լավագույն օրինակներից են նավթի արդյունահանման ծավալների կրճատման շուրջ ժամանակ առ ժամանակ համաձայնության չգալու դեպքերը, որի հետևանքները նավթի, ապա և՝ դոմինոյի էֆեկտով համաշխարհային ողջ տնտեսության վրա ունենում են բացասական ազդեցություն:
Ինչ վերաբերում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից NOPEC օրինագծի հնարավոր ընդունման հետևանքներին, չմոռանանք, որ այս գործընթացին զուգահեռ միացյալ Արևմուտքի կողմից կա սահմանափակում նաև ռուսական նավթի գների նկամտամբ՝ ի դեմս սահմանված առավելագույն շեմի, ինչին ի պատասխան ՌԴ –ն կիրառել է հակառակ գործողությունը՝ սահմանափակված գնով չվաճառելով սեփական նավթը:
Ի դեպ, ՌԴ-ի նկատմամբ նշված սահմանփակմանն արագ արձագանքել է Սաուդյան Արաբիան՝ կասկածի տակ դնելով Արևմուտքի գործողության արդյունավետությունը: Սաուդյան Արաբիան, OPEC+ շրջանակներում նաև աջակցեց ՌԴ-ի կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատումը՝ հիմնավորելով այն տնտեսական աճի տեմպերի թուլացման հեռանկարով: Գործողության նպատակը նավթի գների շարունական նվազումը կանխելն է, որը սակայն գործնականում իրեն դեռ չի արդարացրել՝ համաշխարհային տնտեսությունում նոր ճգնաժամի բացասական կանխատեսումների պահպանման ֆոնին: Այնուամենայնիվ, ապրիլի սկզբին Վիեննայում կայանալու է OPEC+ ֆորմատի հերթական հանդիպումը, որի ընթացքում, ըստ միջազգային ԶԼՄ-ների տեղեկությունների, կպահպանվի նավթի արդյունահանման ծավալները կրճատելու որոշումը:
Ավելի երկարաժամկետում, կարծում ենք, հիմնական խաղադրույքը չինական տնտեսության տեմպերի վերականգնման վրա է դրված, ի դեպ որի մասով վերջին ամենաթարմ կանխատեսումն ԱՄՀ-ինն է:
Կընդունի՞ ի վերջո Կոնգրեսը NOPEC-ի օրինագիծը՝ հաշվի առնելով վերոնշյալ ռիսկերը, դժվար է պատասխանել: Ամեն դեպքում, ցանկացած պարագայում, ստեղծված իրավիճակից առավելագույնս շահողի դերում կարծես թե ասիական գիգանտն է՝ Չինաստանը, որն արդեն իսկ տևական ժամանակ է կարողանում իր տննտեսության կարիքներն ապահովել զեղչված գներով էներգակիրներով: