Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Այս մասին հաղորդում են Արցախի Ներքին գործերի նախարարությունից։
«Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ երեկ՝ մարտի 26-ին, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ են արձակել։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակվել:
Ոչ ոք չի տուժել: Դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:
Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին»,- ասվում է հաղորդագրությունում։