ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշվել է նաև համաձայնագիրն ուղարկել ՍԴ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար, որից հետո այն կուղարկվի ԱԺ՝ վավերացման:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ ռազմական համագործակցությունը իրականացվում է Հայաստանի ՊՆ-ի և Չեխիայի ՊՆ-ի միջև ռազմական համագործակցության մասին 2010 թվականի մարտի 10-ին ստորագրված համաձայնագրով, որը նախատեսում է համագործակցություն ռազմական կրթության, պաշտպանական արդյունաբերության, ռազմական պատմության և թանգարանագիտության ոլորտներում, ինչպես նաև արտերկրում խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը:
Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն ուսումնական հաստատություններում մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստում՝ հաշվի առնելով Կողմերի պահանջարկները և հնարավորությունները, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության այլ ուղղություններ, որոնց առնչությամբ Կողմերը հետաքրքրություն են դրսևորում:
Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով նախատեսվում է, որ կողմերը հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում պետք է ստեղծեն ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ, որի նիստերի անցկացման ժամկետները, կանոնակարգը և աշխատանքների կարգը կսահմանեն Կողմերի լիազոր մարմինները: