Մենք չենք կարող միջամտել, մեր տրամադրության տակ կան միայն հեռադիտակներ և տեսախցիկներ։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ պատասխանելով գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցի հարցին, թե ինչ կարող են անել, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, գրում է eADaily-ն։
«Շատ հայեր համոզված են, որ գարնանը Ադրբեջանը հարձակողական գործողություններ է սկսելու։ Եթե դա տեղի չունենա, ապա մեր առաքելությունը հաջող կլինի», - ասել է Ռիտերը։
Սակայն ԵՄ առաքելության ղեկավարը շտապել է չափավորել ակնկալիքները՝ ընդգծելով, որ դիտորդները չեն կարող մտնել Ադրբեջանի տարածք, ուստի չեն կարողանում արձանագրել հարձակմանը նախապատրաստվող զորքերի տեղաշարժը։
«Մենք չենք կարող միջամտել։ Մեր տրամադրության տակ միայն հեռադիտակներ ու տեսախցիկներ են»,- ասել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը։
Politik.am-ի լրագրողները փորձել են կապ հաստատել ԵՄ առաքելության ներկայացուցիչների հետ եւ լուսաբանել առաքելության գործունեությունը, սակայն նրանք խուսափել են պատասխանել որեւէ հարցի: Նրանք անգամ գնացել են Եղեգնաձոր, որտեղ տեղակայված է առաքելությունը, սակայն այս դեպքում եւս որեւէ մեկը լրագրողի հարցերին չի պատասխանել, միայն խորհուրդ են տվել կապվել իրենց ղեկավարի հետ, որն այդ պահին Երեւանում է եղել: