Ստեփանակերտում սովորող ուսանողները զրկված են հարազատ գյուղում ապրող ծնողներին այցելելու հնարավորությունից

22:54     31 մարտի, 2023

Մարտի 25-ից Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքների հետ հրատապ կապի համար օգտագործվող Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր լեռնային գրունտային ճանապարհն անվտանգության նկատառումներով արդեն հնարավոր չէ օգտագործել, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը, կրակային ուղիղ վերահսկողության տակ են վերցրել ճանապարհը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: 

Այդ պատճառով նշված համայնքները առերեսվում են լուրջ հումանիտար մարտահրավերների հետ, որոնք կապված են Ստեփանակերտից բժշկական օգնություն, սնունդ և այլ հումանիտար ծառայություններ ստանալու անհնարինության հետ։ Բացի դրանից, ինչպես հայտնում են համայնքապետերը, Արցախի արտակարգ ծառայություններն ի վիճակի չեն գյուղացիներին անհրաժեշտ և ժամանակին օգնություն ցուցաբերել։

Նշված խնդիրներին գումարվում է նաև այն, որ Շուշիի շրջանի գյուղերի բնակիչներից նրանք, ովքեր աշխատում են Ստեփանակերտում,  ներկայումս զրկված են աշխատանքից։ Կան նաև ուսանողներ, որոնք այս պահին սովորում են Ստեփանակերտում և զրկված են հարազատ գյուղում ապրող ծնողներին այցելելու հնարավորությունից։ 


© armedia.am