Ապրիլի հինգից Ռոսսելխոզնադզորի խնդրանքով Հայաստանից կդադարեն ՌԴ կաթնամթերքի մատակարարումները: Պատճառը, համաձայն ռուսական գերատեսչության տարածած հաղորդագրության, ՀՀ-ից ՌԴ արտահանվող կաթնամթերքում հայտնաբերված խախտումներն են: Մասնավորապես, հայկական կաթնամթերքում օգտագործվել է Ռուսաստանում արգելված իրանական ծագման հումք և «հաշվի առնելով բանակցությունների և ստուգումների անբավարար արդյունքները» ռուսական գերատեսչությունը խնդրել է դադարեցնել հայկական կաթնամթերքի մատակարարումները՝ հայտնաբերված խախտումների վերացմանն ուղղված աշխատանքներից հետո դրանց վերսկսման հնարավորությունը հետագայում քննարկելու հեռանկարով:
Նշենք, որ օրեր առաջ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարը, լրագրողների հարցին պատասխանելով, ըստ էության չհերքեց կաթնամթերքի արտադրությունում իրանական ծագման հումքի, մասնավորապես կաթի փոշու կիրառման փաստը՝ արձանագրելով, որ այդտեղ կան խնդիրներ:
Իսկ խնդիրներն ու հարցադրումները, ցավոք, միայն այդտեղ չեն և շատ ավելի խորքային են: Լրագրողների հարցադրմանն ի պատասխան, թե ինչու են հայկական կաթնամթերք արտադրողները տեղական կաթի փոխարեն ներկրում իրանական կաթի փոշի, էկոնոմիկայի նախարարը հիշեցրեց դրամի արժևորումն ու ներկրվող փոխարինիչի մրցակցային գինը: Իսկ որ դրամի արժևորումը լուրջ խնդիրների հանգեցնելու էր, հատկապես արտահանողների, այդ թվում՝ արտադրող- արտահանողների համար, խոսվել է այս ողջ ընթացքում, ինչին ի պատասխան, պատկան մարմինների կողմից հնչել են իրավիճակը վերահսկելու մասին հավաստիացումներ: Կաթնամթերքի շուկայում այս դրվագը, դրամի արժևորման հետևանքների «վերահսկելիության» բազմաթիվներից մեկն է: Արտահանողների համար այս համատեքստում խնդիրներն իսկապես շատ են: Խնդիրների առանձին փունջ ունենք գյուղատնտեսության ոլորտում:
Վերադառնալով հայկական կաթնամթերքի արտահանման արգելքի թեմային, առաջադրենք մի քանի հարցադրում, որոնք լիարժեք պարզ չեն այս ողջ գործընթացում: ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի պնդմամբ, սննդարտադրության գործընթացում առողջությանը վտանգ ներկայացնող խնդիրներ չկան: Այնուամենայնիվ, կաթնամթերքի շուկայում խախտումների և առողջությանը վնասող երևույթների հայտնաբերման մասին մարտ ամսին հայտնի դարձավ լրագրողական հետաքննության արդյունքում: Այսինքն, ըստ էության, խնդիրներ կան: Հարց է առաջանում, թե որքանո՞վ են այս դեպքերը միմյանց հետ փոխկապակցված:
Մյուս կողմից, ռուսական գերատեսչության պնդմամբ, կաթնամթերքի արտադրության մեջ կիրառվել է իրանական այնպիսի հումք, որը ԵԱՏՄ-ում արգելված է, որի մասին ըստ էության, չհերքեց նաև Էկոնոմիկայի նախարարությունը: Երկրորդ հարցադրումը՝ որտե՞ղ է պատշաճ վերահսկողությունը այնպիսի հումքի ներկրման, նույն իրանական, որը ԵԱՏՄ ռեեստրում գրանցված է:
Արդյո՞ք ռուսական գերատեսչության կողմից հայկական ամբողջ կաթնամթերքի արտադրության մեջ են հայտնաբերվել խախտումներ, որ ամբողջությամբ է արգելվել այս ճյուղի արտադրանքի մուտքը ՌԴ: Եթե այո, ապա որտե՞ղ է վստահությունը, որ նույն արտադրանքը առողջապահական տեսանկյունից խնդրահարույց չէ նաև տեղի բնակչության համար: Եթե ոչ, խախտումները ոչ բոլորում կան, ապա ինչու՞ է արգելքը գործում բոլորի նկատմամբ: Հշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորի հայտարարությունում նշվում է՝ «հաշվի առնելով բանակցությունների և ստուգումների անբավարար արդյունքները»: Կարո՞ղ ենք ենթադրել, որ հերթական անգամ գործ ունենք ձախողված բանակցությունների հետ, հակառակ դեպքում արգելքը կգործեր մասնակի:
Եվ ի վերջո, արդյո՞ք այս ամենն ունի քաղաքական ենթատեքստ՝ հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին: Միանշանակ դժվար է նման պնդում անելը: Այս հարցի պատասխանը գուցե կարելի է գտնել խնդրի հետագա զարգացումների ու հանգուցալուծումների արագության ու արդյունավետության մեջ:
Ցանկացած պարագայում սա հերթական հարվածն է արտահանմանն ու գյուղատնտեսությանը: