ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 4-ին ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս տարի լրացել է Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և մեր երկիրը շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Սլովակիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Դիմելով հանձնաժողովի նախագահին՝ ՀՀ ԱԺ խոսնակը նշանավորել է նրա անձնական ներդրումը Սլովակիայի խորհրդարանում 2020 և 2021 թվականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ երկու բանաձևերի ընդունման գործում: Այդ բանաձևերը կարևոր պահանջներ են պարունակում Ադրբեջանի դեմ՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Խոսելով Սլովակիայի միջխորհրդարանական համագործակցության մասին՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ այս տարի Սլովակիայի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող կառավարությունը կշարունակի ակտիվորեն նպաստել Հայաստանի և Սլովակիայի միջև հարաբերությունների զարգացմանը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ սպասում է Սլովակիայի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: Զրույց է ընթացել այս պահին Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքների, արցախահայության իրավունքների մասին:
«Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ: Չնայած բոլոր մարտահրավերներին` մենք որդեգրել ենք ժողովրդավարության ուղին և շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության հասնելու մեր օրակարգին: Մենք հաստատակամ ենք մեր ընտրության մեջ և ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Մարիան Քերին նշել է, որ հակամարտությունների և չավարտված պատերազմների ժամանակաշրջանում փոքր երկրները պետք է միմյանց սատարեն: Նա փաստել է, որ չի կարելի կասկածի տակ դնել հայկական ժողովրդավարության ձեռքբերումները, որոնք էլ ավելի ամրացան վերջին ընտրությունների արդյունքում: Նա ընդգծել է, որ լավ տեղեկացված են Լաչինի ճգնաժամից և հստակ կարող են ասել, որ դա ամենևին բնապահպանների հարց չէ, ինչպես ի սկզբանե փորձում էր ներկայացնել ադրբեջանական կողմը, և պատրաստակամություն է հայտնել հետևողականություն ցուցաբերել հարցի լուծմանը նպաստելու ուղղությամբ: