Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ, ինչ իրենց լիազորությունների շրջանակում է, որպեսզի ապահովեն Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը, հաղորդում է Aysor.am-ը։
«Մեր խաղաղապահների դերը կարևոր է ինչպես կենսապահովման, այնպես էլ հնարավոր էսկալացիայի փորձերը կանխելու համար: Դուք քաջատեղյակ եք, թե ինչպես են գործում խաղաղապահները: Այդ մասին տեղեկատվությունը մշտապես հրապարակվում է: Դա գիտակցում է նաև Հայաստանի ղեկավարությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ անդրադառնալով երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցի «ակտիվիստները» փորձել էին արգելել Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձը իրենց տներ։
Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանը խախտել էր ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և արգելել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում մնացած մի խումբ արցախցիների վերադարձը Ստեփանակերտ։