Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև

11:41     7 ապրիլի, 2023

ՀՅԴ Կիպրոսի կոմիտեն և ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը, նկատի ունենալով Լաչինի միջանցքի փակումը և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական շարունակական սադրանքները, գործակցելով կիպրահայ համայնքի պետական ներկայացուցչի հետ, ինչպես նաև Արցախի բարեկամների շրջանակի հետ, խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Ադրբեջանին դատապարտող բանաձև։ Ներկայացված բանաձևը ապրիլի 6-ին քննարկվել է խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում և միաձայնությամբ ընդունվել։ Բանաձևը Ադրբեջանին դատապարտմանը զուգահեռ, վերջինիս հորդորում է անմիջապես բացել միջանցքը, հայտնում է Aysor.am-ը։

ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը շնորհակալություն է հայտնում Կիպրոսի խորհրդարանական կուսակցություններին և վերահաստատում իր հանձնառությունը՝ հետայսու ևս շարունակել Հայաստանի ու Արցախի միջազգային շահերի պաշտպանության շուրջ աշխատանքները։

Հանձնախումբը հավատացած է` համազգային ջանքերի միավորմամբ և միջազգային հանրության տարբեր շրջանակների աջակցության ապահովմամբ հնարավոր կլինի հաղթահարել թուրք-ադրբեջանական ծավալապաշտական նկրտումներն ու աշխարհաքաղաքական մարտահրավերները։


© armedia.am