Վաշինգտոնի դաշնակիցներն օգտագործում են դիվանագիտական խողովակները՝ Պենտագոնի եւ ամերիկյան հետախուզական ծառայությունների գաղտնի փաստաթղթերի արտահոսքի վերաբերյալ բացահայտ դժգոհություն հայտնելու փոխարեն: Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իրենց պահանջները բացահայտ արտահայտելու փոխարեն, դաշնակիցներն օգտագործում են դիվանագիտական ուղիները եւ դրանք օգտագործում են մեծ հաջողությամբ»,-գրում է գործակալությունը՝ նշելով, որ արտահոսքի հետ կապված միջադեպը «անհարմար խոսակցություններ» է առաջացրել մի քանի երկրների ներկայացուցիչների հետ փակ դռների հետեւում: Bloomberg-ն ընդգծում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը «անհարմար բանակցությունների շարք» է ունենալու արտերկրում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի եւ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ ապրիլյան հանդիպումների ընթացքում:
Reuters գործակալության տվյալներով՝ համացանցում տարածված փաստաթղթերը կարող են կեղծ լինել։ Փաստաթղթերը վերաբերում են Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման նախապատրաստելու ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ծրագրերին։ Բազմաթիվ նյութեր, որոնք բացահայտում են զենքի մատակարարման ժամանակացույցի եւ զորքերի քանակի մասին տեղեկություններ, հրապարակվել են, մասնավորապես, Twitter-ում եւ Telegram-ում: Գործակալությունն ընդգծում է, որ խոսքը կարող է վերաբերել 2013 թվականին WikiLeaks կայքում ավելի քան 700 հազար փաստաթղթերի, տեսագրությունների եւ դիվանագիտական հեռագրերի հայտնվելուց ի վեր տեղեկատվության արտահոսքի ամենանշանակալի դեպքերից մեկին: