Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Թուրքիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը փայլուն ցատկերով, ամենաբարձր արդյունքով նվաճեց նաև Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, փոխանցում է NEWS.am-ը:
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը եզրափակիչում վաստակեց 15.033 միավոր: Որակավորման փուլը ևս հաղթահարել էր ամենաբարձր՝ 15.066 միավորով: Հայաստանի առաջատար մարմնամարզիկը գերազանց կատարեց երկու ցատկերն էլ:
Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեյք Ջարմանը (15.016), բրոնզե մեդալակիր՝ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.750):
Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021 թվականին նժույգ թափեր վարժությունում:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 3 մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում՝ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե:
Նախորդ օրը երկրորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Վահագն Դավթյանը օղակների վարժությունում: Նժույգ թափերում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը: