Օրերս տեղի ունեցավ Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուի այցը Մոսկվա, որը չինացի նախարարի առաջին արտասահմանյան այցն է պաշտոնը ստանձնելուց հետո: Այցի շրջանակներում նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հետաքրքրական է այն հանգամանքը, որ Պուտինի հետ Լի Շանգֆուի հանդիպման մասին նախապես չէր հաղորդվել, հայտարարվել էր միայն պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման մասին։ Շոյգուն ներկա է եղել Կրմելում կայացած չինացի նախարարի հետ Պուտինի բանակցություններին։
Չինաստանի պաշտպանության նախարարին ընդունելիս Պուտինը Մոսկվայի և Պեկինի համագործակցությունը ռազմական ոլորտում անվանել է «հաջող և բազմազան»՝ նշելով, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունները պարբերաբար տեղեկատվություն են փոխանակում և համատեղ վարժանքներ են անցկացնում։
Լի Շանգֆուն կրկնել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի այն թեզը, որ Ռուսաստանի և Չինաստանի «լավ հարաբերություններն ուղղված չեն այլ երկրների դեմ»։ Նա նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում «շատ լավ է զարգանում»։ «Այն իր մեծ ներդրումն է ունենում գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում»:
Ակնհայտ է, որ Չինաստանը և Ռուսաստանը հզոր ռազմական տերություններ են, որոնք զգալի ռազմավարական ազդեցություն ունեն ամբողջ աշխարհի վրա։ Ի հակադրություն ԱՄՆ-ի, հիմա նրանք հանդես են գալիս որպես հիմնական ուժեր՝ զսպելով հեգեմոնիան, ապահովելով խաղաղություն և կայունություն շատ տարածաշրջաններում։
Եթե ամփոփելու լինենք ՌԴ-Չինաստան վերջին ժամանակների մերձեցումը, ապա առնվազն պիտի փաստենք, որ Լի Շանգֆուի այցը Ռուսաստան՝ Չինաստանի և Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ին ուղղված համատեղ ազդանշան էր, որով ցույց են տալիս, որ Վաշինգտոնի ճնշումը չի ազդի նրանց համագործակցության վրա, ներառյալ միջբանակային կապերը: Այդ այցը և դրան նախորդած այցը (պաշտպանության նախարարի այցից 1 շաբաթ առաջ Չինաստանի նախագահն էր մեկնել Մոսկվա) ցույց է տալիս երկու երկրների հարաբերությունների ամրությունը՝ չնայած ԱՄՆ-ի ճնշմանն ու բացասական ազդեցությանը։