Անհայտ են պատմությանս թուրք փրկիչների անունները, բայց նրանք երկուսն էլ ունեն մեկ անուն` Բարություն

14:29     11 օգոստոսի, 2014

      …Ո´վ կոտորածներ իմ անմեղ ազգի,
      Ո´վ դեռ շղթայված հողեր իմ ոսկի… Հ. Շիրազ
***
      Պատմում է ցեղասպանությունը վերապրած Սրբուհի Փանոսյանի թոռնուհին` Անահիտ Ղազարյանը:

      Ոսկեծուփ ցորենի արտերով և բարեբեր այգիներով հարուստ Ալյուր գյուղում էր ծխում այն շեն օջախը ,որի կարոտից անվերջ ծխաց իմ սրբապաշտ Սրբուհի տատի վշտամորմոք սիրտը, ու թեև վաղուց արդեն այն դադարում է բաբախել, մեզ` իր սերունդներին, ժառանգեց իր սրտակսկիծ ցավն ու կարոտը:
Երկար ժամանակ մտորում էի` պատմե՞լ,արտահայտե՞լ այն,ինչ կուտակվել է … Եվ ահա պահը եկել է:

***
      Վանի վիլայեթի հայաշեն ու հացառատ Ալյուր գյուղն է եղել իմ մայրական տատի` Սրբուհի Բալուզյանի (1906թ.) և պապի` Մամբրե (1902թ.) Փանոսյանի ծննդավայրը:
Պապս հազվադեպ էր խոսում անցյալի արհավիրքներից: Նրան հիշում եմ` մշտապես խոժոռ,մռայլադեմ,մտքերի մեջ խորասուզված, թութունի քսակից և ծխամորճից անբաժան: Լռությամբ լսում էր կնոջ ողբաձայն պատմությունները, մերթընդմերթ խորը հոգոց քաշում` ծխի խիտ քուլանններ արձակելով ռունգերից: Պապիս ընտանիքի մասին տեղեկություններս խիստ
սահմանափակ են: Սոսկ հիշում եմ, որ որոշ ժամանակ նա եղել է ամերիկյան որբանոցում: Անցյալի վերքերն այնքան խորն էին,որ տատս խույս էր տալիս դրանք նորից բացել ու թարմացնել պապիս ներկայությամբ: Մինչդեռ իր կյանքի ողբերգական իրադարձությունների մասին Սրբուհի տատս այնքան հաճախ էր պատմում , որ մենք` թոռներս, գրեթե ամբողջությամբ գիտեինք նրա տառապալից կյանքի մանրամասները: Պտտելով իլիկը ծնկներին` պտտվում էր պատմությունների անվերջանալի շղթան: Եվ երբ գիրանում էր նրբիրան իլիկը,կտրում էր թելը` կտրելով պատմությունների շղթան:

***
      Դեռ մանկուց էր որոշված Մամբրեի և Սրբուհու միությունը: Հարևան ծնողները ավանդական "բաշիքյարթմայով" էին վավերացրել իրենց մտերմությունը: Սրբուհու հայրը ` Մարգար Բալուզյանը,դաշնակցական էր: Հաճախ երկար ժամանակով բացակայում էր տանից. լինում էր Կ.Պոլսում,Վանում: Տատս հիշում էր, որ հայրը մի անգամ Անդրանիկի ջոկատի հետ գյուղ էր եկել: Սպիտակ ձիավորին մեծ սիրով ու խանդավառությամբ էին ընդունել հյուրապաշտ ալրցիները` գորգեր փռելով նրա ճանապարհին:
Ողբերգական դեպքերի ժամանակ տանն են եղել Սրբուհին, մայրը` Ենգիբարը, և հորաքույր Նոյեմզարը: Մեծ պապիս թուրք ընկերներից մեկը` նախապես տեղեկանալով ծրագրված սպանդի մասին, գալիս է զգուշացնելու ընկերոջը: Տեսնելով որ տանը միայն կանայք են, օգնություն է առաջարկում, և նրանց գաղտնի ապաստան է տալիս իր տանը:

      "Թուրքերը հարձակվեցին Այլուր (Ալյուր) գյուղի վրա ու սկսվեց անզեն հայերի կոտորածը: Թրատում, գնդակահարում, սրերով խողխողում էին բոլորին:Տներում թաքնվածներին դուրս էին քաշում փողոց, ջահել գեղեցիկ աղջիկներին կապոտում էին,որ գերի տանեն, մնացածներին սրախողխող անում ու մորթոտում էին: Գյուղը դարձել էր սպանդանոց…մոլեգնում էր վայրագությունը, թալանը ո րը տևեց մինչև ուշ գիշեր: Հաջորդ օրը գյուղում արդեն լռություն էր… Տղամարդկանցից փրկվեցին նրանք, ովքեր կարողացան փախչել:Մնացածներին սպանեցին:Սպանեցին նաև տղա երեխաներին… Հետո մնացած կանանց ու աղջիկներին լցրին եկեղեցին ու դռները ամուր գոցեցին: Շուրջ 40 օր անհաց ու անջուր մնացին եկեղեցում: 41-րդ օրը դռները բացվեցին: Եկեղեցու բակում կանգնած էր մի զինվորական, փայլուն մեծ խաչը վզից կախած: Բանտարկվածներից մի քանիսը միայն դուրս եկան: Մեծ մասը սովամահ էր եղել:Կենդանի մնացածներն էլ ուժասպառ էին… Նրանց կերակրեցին ու տարան: Վանա լճի մոտով անցնելիս երկու կին խաչակնքվեցին ու ժայռից նետվեցին ջրի մեջ…" (Ալբերտ Խաչատրյան "Արարատ", Մատենաշար, Գիրք Առաջին."Արամե" Գիտամշակութային Բարեգործական Ընկերություն,Երևան-1995թ.):

      Գաղթականների այս խմբին են միանում նաև տատս,մեծ տատս և հորաքույր Նոյեմզարը,քանի որ թուրք բարերարի տանը մնալն արդեն վտանգավոր էր դարձել. հարևան թուրքերից նկատել էին նրանց գաղտնի ապաստարանի վայրը, և ակնհայտ էր, որ կմատնեին` վտանգելով նաև թուրք տանտիրոջը: Երբ դուրս եկան թաքստոցից,մահագուշակ լռություն էր իջել երբեմնի շեն Ալյուրի վրա: Ամայացած ողբում էին ածխացած աչքերով սևազգեստ տները:Խոշտանգված, կիսամոխրացած դիակներ էին ամենուր: Ալյուրը չկար: Ճանապարհը մեկն էր` այլ` ո՞ւր:

      Ո՞ւր էին տեղահանվում ալրցիները, իրենք էլ չգիտեին: Ուժասպառ և հյուծված` հազիվ էին կարողանում քայլել: Տատս պատմում էր, որ առավել ծանր էր իր վիճակը: Փոքրիկ աղջնակի թիկունքով մեկ խաչաձև կապված շալի տակ մայրն ու հորաքույրը թաքցրել էին ընտանիքի ոսկիները: Վիճակը դարձավ օրհասական, երբ մայրը ուժահատ փլվեց գետին."Քիչ մը շունչ առնիմ":Սրբուկը նետվեց մոր գիրկը. մայրը դողում էր: Պինդ գրկելով մորը` աղջնակն անընդհատ հարցնում էր` "Տաքցա՞ր ,մարե´": Ուշ էր. մոր մարմնի անսովոր սառնությունից որբացած Սրբուկն ինքը դողաց ու ցնցվեց:
      Պարզ հիշում եմ Սրբուհի տատիս "արցունքների հեղեղը" պատմության այս ողբերգական դրվագը պատմելիս. չէ’, արցունքներ արդեն չուներ, սոսկ սովորույթի ուժն էր նրան մղում սևերիզ գոգնոցի մի ծայրով անվերջ չորացնել չոր աչքերը. սպառվել էր տատիս արցունքը, "վըր չանց Վանա ծովակն իուր" աղի էր, ա~խ, դառնաղի և "վըր չանց ճիորն իուր ծովակի"` լիքն էր ափեափ:

      Որբացած Սրբուկին դժվարությամբ են կարողանում պոկել մահացած մոր մարմնից,որն այդպես էլ մնում է անթաղ` բաց երկնքի տակ:
Հորաքույր Նոյեմզարը քաշելով էր տանում զարմուհուն գաղթականների խմբի ետևից: Օգնության են հասնում նրանք, ովքեր դեռ ի վիճակի էին օգնել: Ոմանք հորդորում են թողնել երեխային ճամփին:Դա լսելով ` հորաքույրն ավելի պինդ է բռնում երեխայի ձեռքը, և ուժահատ նստում ճամփեզրի մի տան պատի տակ: Զգուշացնում են ,որ դա թուրքի տուն է.վտանգը մեծ էր: Սակայն ամենամեծ ցանկության դեպքում իսկ հորաքույրն ու Սրբուկը չէին կարող վեր կենալ: Գաղթականների խումբն արդեն հեռվում էր,երբ չադրայով մեկը գլուխը դուրս է հանում բակի դռնից և ձեռքով անձայն ներս կանչում:
      Հորաքրոջ և թուրք կնոջ խոսակցությունից Սրբուկը համարյա ոչինչ չէր հասկանում,բայց դրա կարիքն էլ չկար,քանի որ տանտիրուհու` կարեկցանքով լի հայացքից ու հյուրընկալ վերաբերմունքից ամեն ինչ հասկանալի էր դառնում: Սրբուկի տարիքի մի աղջիկ ներս ու դուրս էր անում ` կատարելով մոր հրահանգները:
      Երբ արդեն հանգստացել էին և կերակրվել,հորաքույրը Սրբուկի շալերի միջից մի ոսկեդրամ է հանում ու մեկնում թուրք կնոջը: Նա հրաժարվում է վերցնել` ասելով, որ նրանք դրա կարիքը դեռ շատ կունենան:

      Եվ,իրոք,որքան երկարում էր գաղթի դժնդակ ճամփան,այնքան թեթևանում էր Սրբուկի բեռը, որի պատճառով քիչ մնաց խեղդվեր գետն անցնելիս:
Խուճապահար գաղթականների քարավանները հաջորդում էին մեկը մյուսին. տարբեր բնակավայրերից էին: Կային նաև համագյուղացիներ:

      Հասան Սալմաստ: Որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո գնացքով նրանց տանում են Բաղդադ:Այստեղ մնացել են երկու տարի: Ապրել են Անգլիայից ուղարկված մթերքով: Այնուհետև նավով հասնում են Բաթումի: Նավակայանի իրարանցման մեջ Սրբուհին կորցնում է հորաքրոջը: Կյանքում պատահականություններ լինում են, անշուշտ, թե´ տխուր, և թե´ երջանիկ, բայց Աստված գիտի,թե ինչ պատահականությամբ մեկ այլ նավով այդ պահին Բաթումի է ժամանում մեծ պապս` Մարգարը, ընտանիքի հետքերով: Գտնում է քրոջը միայն…Երկար որոնումներից հուսահատ ` պատրաստվում է մեկնել Ամերիկա:Վերջին անգամ Սրբուհուն գտնելու հույսով հարձուփորձ է անում նավակայանում միայնակ կանգնած մի կնոջ: Ճակատագիրն էր անշուշտ կանխորոշել ճակատագրից հալածված այս զույգի հանդիպումը: Նարթուհի էր անծանոթուհու անունը, անվամբ և արտաքինով շատ նման իր Սրբուհուն: Մեկնում են Ամերիկա երեքով` Մարգարը,քույրը և ապագա կինը` Նարթուհին, վերջինս` Սրբուհու համար նախատեսված տոմսով: Հանգրվանում են ԱՄՆ Նիագարա Ֆոլզ քաղաքում: Կարոտաբաղձ հայրը շարունակում է դստեր որոնումները. Նիագարայի ջրվեժի ամեհի որոտն անգամ չէր կարողացել խլացնել կորած դստեր կարոտի կանչը, որը հեռվից անդադար ասես կանչում էր իրեն:Որտե՞ղ էր նա:

      Բաթումիի նավակայանի խառնաշփոթում հորաքրոջը կորցրած Սրբուհին հանդիպում է գաղթականների մի խմբի,որոնց մեջ է լինում Մամբրեն` "բաշիքյարթմայով" իր փեսացուն: Դժոխքի ճամփաներով իրենց դրախտը գտած զույգը որոշում է ճանապարհվել Հայաստան, երբ կարողանան գտնել հորաքույր Նոյեմզարին: Զուր հույսեր…
"Նստեցինք ապրանքատար գնացք. ևս 7 օր ճամփա եկանք,հասանք Արտաշատ: Արդեն աշուն էր: Մի տարի մնացինք: Հաջորդ տարի եկանք Դավալու (ներկայիս`գյ. Արարատ),հավաքվեցինք գյուղի ժամի դուռը: Դա 1921թ. աշունն էր:Մեզ հետ էին ևս 4 տուն (Փանոսյան Մամբրե (պապս), Պողոսյան Գարեգին,Խռպոյան Խաչո և Փանոսյան Գևորգ): (Ա. Խ. "Արարատ")

      Վեհաշուք Արարատների հայացքի ներքո ` այգեզարդ Արարատում ծխաց ալրցի գաղթականներ Մամբրե և Սրբուհի Փանոսյանների նորաստեղծ օջախը:Միասին էին անցել տառապանքի ուղին,միասին վայելեցին ընտանեկան երջանկությունը` 5 զավակներով, 20 թոռներով: Բայց Սրբուհու հոգում դեռ ծխում էր հայրենի տան կարոտը. "Օր մը կ’երթամ իմ խիոր տուն":

      Մարգարը չէր դադարեցրել դստեր որոնումները:Օտար ափերում ծնվեցին նրա զավակները` Աղավնի ( Ալիս Բուդնիկ) և Գրիգոր (Ջորջ) Բալուզյանները: Զանազան փորձություններ անցնելով ` վերջապես Սրփո տատիկիս հասան հարազատների նամակները:
Ժամանակն ու տարածությունը, հոգեցունց եղերական դեպքերն ու սառը պատերազմի տարիները անզոր եղան խլացնել արյան կանչը…Երկնքում են հիմա նրանց տառապած հոգիները. երկրային կյանքում Սրբուհին երբեք չհանդիպեց Աղավնի քրոջն ու Գրիգոր եղբորը: Ճանաչեցին միմյանց սոսկ լուսանկարներով և "կռունկի խաբրիկներով": Մարգարն այլևս երբեք չհանդիպեց Սրբուհի
դստերը, իսկ մորը փոխարինած Նոյեմզար հորաքույրը` զարմուհուն: Գնացին հավերժություն` սրտերում հավերժորեն անթեղած մի մորմոքող կարոտ, որից մի պատառիկ մնաց մեր հոգու և արյան մեջ:

      Հոգու պարտք ունեմ սրբանուն Սրբուհի տատիս սրբազան հիշատակի առաջ.
      Մի օր նորից պիտի ծխա
      Մարած ծուխդ հացաբույր,
      Որ երկնքից հոգիդ խաղաղ
      Շեն տեսնի շենդ Ալյուր:

P.S.
      Ասում են` "Նա, ով չի հիշում իր անցյալը, դատապարտված է վերապրել այն": (Սանտայանոս): Հայոց մեր հարյուրամյա ցավը` 1915թ. ցեղասպանությունը,դեռ մնում է չճանաչված և չդատապարտված աշխարհի կողմից: Հետևանքը փնտրենք ներկայիս մարդակործան իրադարձությունների մեջ աշխարհի տարբեր վայրերում` նորից արյուն, ավեր, որբեր, սգավոր մայրեր, կորուսյալներ,անտուններ: Ժամանակն է սթափվելու. բարությունն ու կարեկցանքը` մարդ արարածին բնորոշ ամենամարդկային հատկանիշներն են, որ պիտի փրկեն աշխարհը: Բարությունը չունի ո´չ ազգություն, ո´չ սահման. ամենաթանձր խավարում անգամ արարենք լույսի մի շող, և կանհետանա խավարը: Եթե չլիներ բարության լույսը,անշուշտ,մենք` հայոց մեծ ցեղասպանությունը վերապրածների սերունդներից շատերս, գուցե, լույս աշխարհ չգայինք:
      Անհայտ են պատմությանս թուրք փրկիչների անունները,բայց նրանք երկուսն էլ ունեն մեկ անուն` Բարություն:
      Շարադրանքը` Անահիտ Ղազարյանի   11.08.2014


© armedia.am