Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային, սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 16 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ 11 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
«Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 353 հիվանդ։