Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունների պատճառով Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է։ Այս հայտարարությունն արել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Նրա խոսքով` աշխարհում աճում է հակամարտությունների ներուժը, ինչի բացասական ազդեցությունը զգացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սահմանների ողջ երկայնքով։
«Աշխարհը վերադառնում է առճակատման ժամանակաշրջան՝ հակամարտությունների ներուժի մեծացման հեռանկարով։ Բացասական միտումներն անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ սահմանի ամբողջ երկայնքով ստեղծված իրավիճակի վրա»,- ասել է նա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միջազգային հարաբերություններն այժմ խոր վերափոխման են ենթարկվում, փոխվում են տասնամյակներ շարունակ հաստատված աշխարհակարգի հիմքերը։