«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ են առաջարկում պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը:
ՀՀ ԱԺ փոխանցմամբ առաջարկվում է կիրառել ներդրումների մասնակի վերադարձի մոդելը (cash rebate), այսինքն՝ ֆիլմարտադրողը ֆիլմարտադրությանն անմիջականորեն առնչվող ապրանքների ու ծառայությունների համար դրամական ծախսերը կարող է մինչև 20 տոկոսի չափով վերադարձնել:
Օրինագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ գործող օրենքի որոշ դրույթների իրագործման անհնարինության մասին Ազգային ժողովում հանդիպումների ժամանակ բարձրաձայնել են ֆիլմարտադրության ոլորտի մասնագետները: Վերջիններս վստահեցրել են նաև, որ օրենքի ընդունումը կխթանի ֆիլմարտադրությունը: Սիսակ Գաբրելյանի խոսքով մեծ հետաքրքրություն կա Հայաստանում ֆիլմարտադրության հետ կապված Հնդկաստանի, նաև՝ ԱՄՆ-ի կողմից: Նա տեղեկացրել է, որ Կառավարության մի շարք առաջարկներն արդեն ընդունվել են, իսկ մյուսները կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը նշել է, որ օրենքով պետական աջակցության մեխանիզմները գործնականում չեն գործում, առաջարկվում են օրենքի կիրառման առավել արդյունավետ մեխանիզմներ: Գլխադասային հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:
«Ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի միջազգային ձևաչափի կիրառումը կարող է շատ ավելի արդյունավետ լինել օտարերկրյա ֆիլմարտադրողների հետ աշխատանքը կազմակերպելու համար»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ այս ձևաչափը պարզեցված է պետական մարմինների գործառույթների մասով: Նա նշել է, որ առարկություններ չկան, ողջունելի փոփոխություն է:
Պատգամավոր Սոնա Ղազարյանը և օրինագծի համահեղինակ Թագուհի Ղազարյանը ևս կարևորել են նախաձեռնության ընդունումը: Նշվել է, որ նոր դրույթները կխթանեն հայկական ֆիլմարտադրությունը, կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը, ներդրումների աճին, տնտեսական աշխուժացմանը: Թագուհի Ղազարյանը վստահեցրել է, որ ոլորտում ներդրումների վերադարձի գործող խրթին մեխանիզմները դյուրացվում են: