Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովը կկայանա մայիսի 24-25-ը Մոսկվայում
Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովը տեղի կունենա մայիսի 24-25-ը Մոսկվայում: Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Համաժողովի ընթացքում կկայանան ԵԱՏՄ առաջնահերթությունների, մաքսային կարգավորման, էներգետիկ անվտանգության, կլիմայական, ինտեգրացիոն և այլ խնդիրների վերաբերյալ քննարկումներ:
Համաժողովի թեման կլինի «Եվրասիական ինտեգրումը բազմաբևեռ աշխարհում»։ Այն լիովին համապատասխանում է եվրասիական ինտեգրման զարգացման խնդիրներին, երբ աշխարհը բախվում է նոր մարտահրավերների։ Համաժողովի նպատակն է ԵԱՏՄ երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացումը, տնտեսավարող սուբյեկտների միջև հուսալի կապերի ձևավորումը, ներդրումային և նորարարական ներուժի միավորումից սիներգետիկ էֆեկտի հասնելը:
Նախատեսվում է նաև լիագումար նիստ և պանելային քննարկումներ անցկացնել: Ընդհանուր առմամբ նախատեսված է շուրջ 35 միջոցառում, որոնց կմասնակցեն անդամ պետությունների առաջին դեմքերը, ԵԱՏՄ երկրների պետական իշխանության մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Եվրասիական տնտեսական համաժողովը Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործարար միջոցառումն է տնտեսական ոլորտում, որն անցկացվում է հաջորդաբար ԵԱՏՄ այն պետությունում, որը նախագահում է Միության մարմիններում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և ԵՏՀ խորհրդում: Եվրասիական տնտեսական առաջին համաժողովն անցկացվել է 2022 թվականի մայիսի 26-ին Բիշքեկում։