Անկլավների հարցը Բրյուսելում բանակցությունների ժամանակ չի քննարկվել. ՀՀ փոխարտգործնախարար
Հայ–ադրբեջանական կոնտեքստում անկլավների հարցը Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ չի քննարկվել։ Եվրոպայի օրվան և Հայաստան–ԵՄ հարաբերություններին նվիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը` անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի` Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն առնչվող հայտարարությանը, փոխանցել է Սպուտնիկ Արմենիան։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը կողմերը հաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու հանձնառությունը։
Այդ առնչությամբ լրագրողները փոխարտգործնախարարից հետաքրքրվեցին` արդյոք բարձրացվել է այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» թեման։ Հովհաննիսյանը նշեց, որ այդ թեմայով որևէ քննարկման մասին չի լսել ո՛չ անցյալում, ո՛չ էլ հիմա։ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև այն հարցին` արդյոք տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը ենթադրում է ադրբեջանական զինուժի հետքաշում Հայաստանի ինքնիշխան տարածքից։
«Ինչ վերաբերում է զորքերի դուրսբերմանը, ապա այդ գաղափարը քննարկվել է մեր մի շարք գործընկերների կողմից, մասնավորապես` ԵՄ–ի և ԱՄՆ–ի։ Իհարկե, ճանաչումը ենթադրում է զորքերի դուրսբերում»,– ասաց փորարտգործնախարարը։