Ցանկացած խաղաղ նախաձեռնություն, որը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ենթադրում է իրավահավասար երկխոսություն, պետք է մերժվի: Այս մասին NEWS.am-ի հաղորդմամբ Ճապոնիայում G7-ի գագաթաժողովում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Ուկրաինացիներն ամենից շատ են խաղաղություն ուզում, բայց, իհարկե, արդար խաղաղություն: Խաղաղության բանակցությունները, որոնք հավասարեցնում են ագրեսորին և զոհին, պետք է մերժվեն»,- ասել է ֆոն դեր Լյայենը։
Նա նաև աջակցություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևին»։
G7-ի գագաթնաժողովը (միավորում է Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին, Գերմանիային, Ֆրանսիային, Իտալիային, Կանադային և Ճապոնիային) տեղի կունենա Հիրոսիմայում մայիսի 19-ից 21-ը։ Bloomberg-ի և Kyodo-ի աղբյուրները հայտնել են, որ Զելենսկին նույնպես կարող է մասնակցել միջոցառմանը։ The Financial Times-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահը մտադիր է մասնակիցներին առաջարկել Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթաժողով անցկացնել։