Ադրբեջանը հետևողականորեն կողմ է Հայաստանի հետ հետհակամարտային կարգավորման գործընթացին։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հետ եռակողմ հանդիպման ընթացքում։
«Հետհակամարտային կարգավորումը գործընթաց է, որը բաղկացած է տարբեր ուղղություններից։ Մենք կողմ ենք բոլոր ուղղություններով զուգահեռ աշխատանքին։ Կարծում ենք, որ դրանք փոխլրացնող են»,- ասել է նա։
Բայրամովը նշել է, որ բանակցային գործընթացում անցած տարվա վերջից նկատվել է որոշակի լճացում։
«Մենք, ըստ էության, շատ դրական ենք վերաբերվում այն հանգամանքին, որ սկսած մայիսից՝ դինամիկան կրում է հետևողական և դրական բնույթ։ Արդեն կայացել են թիմերի մակարդակով հանդիպումներ և բանակցություններ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, տեղի է ունեցել ղեկավարների հանդիպումը։ Կարծում ենք, որ այսօրվա բանակցությունները ևս արդյունավետ կլինեն և հնարավորություն կտան մեկ անգամ ևս անցնել բոլոր հարցերի վրայով։ Բնականաբար, երկկողմ հիմքի վրա լավ հնարավորություն է նաև հայկական պատվիրակության հետ շարունակել խաղաղության պայմանագրին վերաբերող թեմաների քննարկումը»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։