Բաքվի և Երևանի խաղաղության պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն որոշման վրա, ընդ որում՝ ադրբեջանական և հայկական կողմերն իրենք պետք է որոշեն, թե ինչն է համապատասխանում իրենց բուն շահերին և ինչպես են մտադիր ապահովել կայուն խաղաղությունը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է News.am-ը։
Պատասխանելով կողմերի միջև խաղաղության պայմանագրի պատրաստման մասին հարցին՝ նա նշել է, որ «հաշվի առնելով այդ հարցերի ծայրահեղ զգայունությունը, մենք չենք կարող մեկնաբանել բանակցային գործընթացի ընթացքը, որպեսզի չխանգարենք դրա առաջմղմանը»։ «Բաքուն և Երևանն իրենք պետք է որոշեն, թե ինչն է համապատասխանում իրենց բուն շահերին և ինչպես են մտադիր ապահովել կայուն և հուսալի խաղաղություն իրենց ժողովուրդների համար։ Ընդ որում՝ հասկանալի է, խաղաղության պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն որոշումների վրա»,- ավելացրել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ Նա հիշեցրել է, որ «Ռուսաստանը համակողմանիորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ «2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության մեջ ընդգծվում է խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ պատրաստման կարևորությունը տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հասնելու նպատակով»,- ավելացրել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի և Հայաստանի գործընկերներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև սպասվում է եռակողմ հանդիպում։