Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և Արիզոնայի հայ համայնքի ակտիվ անդամներ Արթուր Արթենյանի ու Վարդան Արաբյանի համակարգված աշխատանքի արդյունքում ԱՄՆ Արիզոնա նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Բեն Թոման առանձին հայտարարությամբ ճանաչել և համերաշխություն է հայտնել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքին և Արցախի ժողովրդի պայքարին՝ հանուն ազատ ու անկախ կյանքի։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
Մեկնաբանելով այս որոշումը՝ Հայ դատի Ամերիկայի կենտրոնական հանձնախմբի անդամ Զանգու Արմենյանը նկատել է․ «Մենք ողջունում ենք Արիզոնայի նահանգային ժողովի նախագահի հայտարարությունը, որով ճանաչվում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Դա կարևոր քայլ է Արցախի ժողովրդի համար։ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պայմաններում համերաշխության այս դրսևորումը մեր համայնքի շարունակական ջանքերի կարևոր մասն է, որը նպատակ ունի իրազեկելու ծավալվող մարդասիրական աղետի մասին և ապահովելու, որ Ադրբեջանը պատասխանատվություն կրի հայ ժողովրդի դեմ իր չդադարող ագրեսիայի համար:
Այս հռչակագիրը վկայում է՝ Արիզոնայի հայ համայնքի անխոնջ աշխատանքի մասին, և Հայ դատի հանձնախումբն ակնկալում է շարունակել աշխատել հայ համայնքի ակտիվ անդամների հետ՝ ապահովելու համար, որ մեր համայնքի ձայնը լսելի լինի կառավարության բոլոր մակարդակներում»: