Հայաստանի ԱԽ քարտուղարն ու ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը

14:41     26 մայիսի, 2023

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 26-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:       

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր:

Արմեն Գրիգորյանը Լ. Բոնոյին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումները:

Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր:


© armedia.am