Արևմուտքը անում է ամեն հնարավորը միջնորդական առաքելությունն էլ ավելի ակտիվացնելու, Հայաստան-Ադրբեջան բանակցություններում գլխավոր միջնորդի դերն ստանձնելու և այսպես ասած «գործընթացը ավարտին հասցնելու համար»։
Այս մասին են վկայում վերջին օրերին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արված տարատեսակ հայտարարությունները։ Նախ՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ վարչակազմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանն իր առաջարկներն է ներկայացրել ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ՝ հանրայնացնելով դրանցից մի քանիսը. սահմանի երկայնքով զորքերի հեռացումը, վեճերի լուծման մեխանիզմն այն պայմանագրում, որի շուրջ փորձ է արվում համաձայնության հասնել, Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Այսինքն՝ Միացյալ Նահանգները փորձում է լուծումներ առաջարկել այն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ Վաշինգտոնում քառօրյա բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները տարամետ դիրքորոշում են ունեցել: Սակայն ամենից ուշագրավն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան նաև ընդգծել է, որ հունիսի 1-ին Քիշնևում Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը ուշադրության կենտրոնում է լինելու այն, թե ինչ պետք է արվի «գործն ավարտին հասցնելու համար»։
Իսկ այդ գործն ավարտին հասցնելու համար, ամերիկյան կողմի կարծիքով, արդեն իսկ նախադրյալներ կան: Խոսքը վերաբերվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի ադմինիստրատորի օգնական Էլիզաբեթ ՄակՔինի արած հայտարարություններին: Վերջինս Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի այդ նույն լսումների ժամանակ հայտարարել է, որ առաջին կարևոր քայլն արդեն իսկ արվել է Հայաստանի կողմից՝ նկատի ունենալով այն, որ Ն.Փաշինյանը ասուլիսի ժամանակ առաջին անգամ հրապարակայնորեն պնդեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը: Ըստ նրա՝ Փաշինյանի այս քայլն առաջընթաց է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում:
Այս համատեքստում հետաքրքրական է նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի այցը Հայաստանը, որի ընթացքում քննարկվել են մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը վերջին բանակցություններից հետո։ Ի դեպ, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան այս այցը դրական է գնահատել:
Այսինքն, Արևմուտքի կողմից ընթանում է գործընթաց, որով փորձ է արվում մի կողմ դնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, առհասարակ փակել Արցախյան հակամարտության էջը, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ դրանում ներառելով նաև Արցախը: