Հարևան երկրի սուլթան Հեյսամ բեն Թարիքի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իրանի և Օմանի պաշտոնատար անձանց միջև ստորագվել է համագործակցության չորս փաստաթուղթ, NEWS.am-ի հաղորդմամբ տեղեկացրել է Mehr-ը։
Իրանի Իսլամական Հանրապետություն Օմանի սուլթանի այցի առաջին օրը՝ կիրակի ցերեկը, երկու երկրների պաշտոնյաները ստորագրել են 4 փաստաթուղթ տնտեսական և ներդրումային համագործակցության, էներգետիկայի և ազատ գոտիների ոլորտներում համագործակցության մասին։
Իրանի նավթի, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները, Ազատ առևտրաարդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղարը և Օմանի էներգետիկայի, էկոնոմիկայի և առևտրի նախարարները ստորագրել են համագործակցության փաստաթղթեր՝ ուղղված երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը։
Փաստաթղթերի ստորագրումից հետո Իրանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Իրանի և Օմանի միջև համատեղ ներդրումային կոմիտեի ստեղծման համաձայնագրի ստորագրման մասին։
Հիշեցնենք, որ Օմանի սուլթան Հեյսամ բեն Թարիքը այցելել է Թեհրան նախօրեին, նա գլխավորում է մեծ պատվիրակություն։
Սա սուլթանի առաջին այցն է Իրան՝ 2020թ. գահ բարձրանալուց հետո։