Միութենական պետության և ԵԱՏՄ-ի կապակցումը կարող է դնել Մեծ եվրասիական գործընկերության հիմքը։ Այս մասին ասել է Մինսկում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը, տեղեկացրել է ՌԻԱ Նովոստին։
«Մեր առջև պատմությունը հավակնոտ խնդիրներ է դնում, մասնավորապես՝ նոր ինտեգրացիոն կառույցների ստեղծման և զարգացման վերաբերյալ։ Ավելին, այդ նպատակն արտացոլված է մինչև 2025թ. Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում։ Համոզված եմ, որ ԵԱՏՄ-ի և Միութենական պետության նախագծերի կապակցումը կարող է դառնալ հենց այն աղյուսը, որը կդրվի Մեծ եվրասիական գործընկերության հիմքում»,- նշել է դիվանագետն իր հոդվածում, որը հրապարակել է «СБ. Беларусь сегодня» պարբերականը։ Գրիզլովը հիշեցրել է, որ հետխորհրդային տարածքում, Միութենական պետությունից և Եվրասիական տնտեսական միությունից բացի, հաջող զարգանում են նաև այլ ձևաչափեր, օրինակ՝ Անկախ Պետությունների Համագործակցությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։
«Նշված կառույցները չեն հակասում մեկը մյուսին, մրցակցության մեջ չեն մտնում միմյանց հետ, այլ հակառակը՝ օգնում են երկրներին լուծել ավելի լայն շրջանակի հարցեր։ Այս հավաստիացումն արդարացի է նաև Միութենական պետության և ԵԱՏՄ-ի մասով»,- ընդգծել է դեսպանը։