Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարության մեջ հարձակումներ են եղել Մոսկվայի հասցեին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը հրաժարվել է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից տրանսպորտային հաղորդակցության վերահսկումից՝ Ադրբեջանի հետ տնտեսական եւ տրանսպորտային կապերի հետագա ապաշրջափակման դեպքում, փոխանցում է News.am-ը։
«Նախ, կցանկանայի, որ Ձեր նշած Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը, այնուամենայնիվ, կողմնորոշվեր՝ կամ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, այլեւ պետք է լինի, եւ որի փորձը մենք ունենք հայկական կողմի հետ, կամ ահա այսպիսի հայտարարություններ։ Մենք ընտրում ենք առաջինը»,-նշել է Զախարովան։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմատիկային, ապա Զախարովայի խոսքով, այն առարկայորեն մշակվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ փոխվարչապետների կողմից։ «Ուստի ճիշտ չեմ համարում արձագանքել այդ մեկնաբանություններին։ Դա համապատասխան ներկայացուցիչների իրավասությունն է»,-ասել է նա։
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը հայտարարել է. «Ապաշրջափակման մասով կա մի կարեւոր դետալ, որը, կարծում եմ, արդեն հասկանալի է բոլոր ներգրավված գործընկերների համար։ Սահմանների ամբողջական վերահսկողությունը, սահմանային ծառայությունների վերահսկողությունը կիրականացնի Հայաստանը։ Այսինքն՝ ապաշրջափակումը Հայաստանի համատեքստում նշանակում է, որ միայն Հայաստանն է իրականացնելու սահմանապահ ծառայություն»։