Ստրասբուրգում հունիսի 19-23-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային լիագումար նստաշրջանի կարևոր կետերից մեկը կլինի համատեղ հրատապ քննարկումը Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի քաղաքական հետևանքների, ինչպես նաև Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերին ռուսաստանցի և բելառուսցի մարզիկների մասնակցության վերաբերյալ: Հարցում է ստացվել հրատապ քննարկումներ անցկացնել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման հարցի շուրջ։
Վեհաժողովը նաև համատեղ քննարկումներ կանցկացնի միգրացիայի հարցի շուրջ և կքննարկի երեք զեկույց՝ միգրանտների և փախստականների ինտեգրման մասին, սպորտի միջոցով միգրանտների, փախստականների և ներքին տեղահանված անձանց սոցիալական ինտեգրման մասին, ինչպես նաև առանց փաստաթղթերի աշխատավորներին կամ մշտական կարգավիճակ չունեցող անձանց բժշկական և սոցիալական օգնության տրամադրման մասին։
Օրակարգի այլ հարցերի թվում են արտաքսված բելառուսցիների առջև ծառացած կոնկրետ խնդիրների լուծումը (Բելառուսի ժողովրդավարական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի մասնակցությամբ), Միացյալ Թագավորությունում մարդու իրավունքների օրենսդրության բարեփոխումը և անդրազգային բռնաճնշումները՝ որպես օրենքի գերակայության և մարդու իրավունքների աճող սպառնալիք: Նախատեսվում են նաև քննարկումներ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ժամանակ բժշկական օգնության ապահովման ամբողջական մոտեցման անհրաժեշտության և թվային անջրպետի հաղթահարման վերաբերյալ։
Վեհաժողովն իր վերջնական օրակարգը կընդունի նստաշրջանի բացման օրը։