2023 թ. ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Սպայակազմին և զինակոչիկներին շնորհավորելով ԶՈւ համալրման հերթական փուլի մեկնարկի առթիվ` Պապիկյանը ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ հետևել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքին:
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչիկներին ներկայացրել է ԶՈւ-ում մեկնարկած «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի մասնակից կարող է դառնալ զորակոչիկներից յուրաքանչյուրը և օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից»,– նշված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարը նաև հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին` գործընթացը պատշաճ և թափանցիկ անցկացնելու համար: