Բելառուսի պատմության ազգային թանգարանում բացվել է «Արմենպրես» պետական լրատվական և «ԲելՏԱ» բելառուսական հեռագրային գործակալությունների՝ «Հայաստանը բելառուս լուսանկարչի աչքերով և Բելառուսը՝ հայ լուսանկարչի աչքերով» խորագրով ֆոտոցուցահանդեսը՝ Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսին ներկայացված է 100 լուսանկար, որոնք ներկայացնում են հայ և բելառուս ժողովուրդների մշակույթն ու ավանդույթները, բնությունը: «Արմենպրես»-ի ֆոտոթղթակից Մխիթար Խաչատրյանը լուսանկարներն արել է Բելառուս կատարած այցի ընթացքում, իսկ բելառուս լուսանկարիչ Լեոնիդ Շչեգլովը՝ Հայաստան այցի ընթացքում: Լուսանկարները ներկայացնում են երկու ժողովուրդների առօրյա կյանքի պահերը, ճարտարապետությունը և երկու երկրների անկրկնելի բնապատկերները:
«Այսօր իմ օրն է, որովհետև այս ցուցահանդեսի իմ վաղեմի մտահղացումն իրականացավ»,-ասել է Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը:
«Երբ ես 2021 թվականին դարձա դեսպան, Աստված ինքը հրամայեց կյանքի կոչել այս գաղափարը՝ հատկապես այնպիսի լավ օրվա առիթով, ինչպիսին է մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ես շատ ուրախ եմ, որ «Արմենպրես»-ը և «ԲելՏԱ»-ն ջերմորեն աջակցեցին այս գաղափարին»,-ասել է դեսպանը:
Դեսպան Խումարյանը կարևորել է երկու երկրների միջև մարդկանց միջանձնային շփումների մակարդակով փոխգործակցության զարգացումը։ «Ժողովուրդների բարեկամություն, համագործակցություն, փոխադարձ ճանաչում, փոխըմբռնում, փոխադարձ հարգանք. սա այն հիմքն է, որի վրա ստեղծվում է ինքնիշխան պետությունների համագործակցությունը»,- ասել է Խումարյանը:
«ԲելՏԱ»-ի գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչը ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ընդգծել է. «Մենք Բելառուսն ենք կրում մեր մեջ, դուք՝ Հայաստանը: Մեր երկրներից յուրաքանչյուրն ունի իր հոտը, իր ոճը, իր էմոցիաները, թրթիռները: Իհարկե, հետաքրքիր էր, թե մարդիկ, ովքեր առաջին անգամ են գալիս քո երկիր, ինչպես են տեսնում այն, ինչ կհիշեն, ինչ կմնա իրենց հոգում: Ամենակարևորն այն է, որ երկու լուսանկարիչներն էլ ցանկացել են վերադառնալ՝ մեկը՝ Բելառուս, մյուսը՝ Հայաստան»։
Լուսանկարներում հիմնականում մարդիկ են՝ հայերն ու բելառուսները:
«Նայելով նրանց՝ կարևոր է հիշել և հասկանալ, որ ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաև հասարակ մարդիկ կարող են շատ բան անել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, ժողովուրդների միջև բարեկամության համար։ Վստահ եմ, որ նրանք, ովքեր կտեսնեն այս լուսանկարները, կսիրահարվեն Բելառուսին և Հայաստանին»,- ասել է Իրինա Ակուլովիչը։
Նա ընդգծել է, որ սա «ԲելՏԱ»-ի և «Արմենպրես»-ի երրորդ համատեղ նախագիծն է: Ավելի վաղ կազմակերպվել էր Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես և բելառուս լուսանկարիչների ցուցահանդես՝ Երևանի մետրոյում։ «Համոզված եմ, որ եթե մենք հիանանք միմյանցով, ավելին իմանանք միմյանց մասին, ապա մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի, իսկ այսօրվա աշխարհում դա շատ կարևոր է»,- շեշտել է «ԲելՏԱ»-ի գլխավոր տնօրենը։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Բելառուսում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, «Արմենպրես» և «ԲելՏԱ» և գործակալությունների աջակցությամբ և Հայաստանում Բելառուսի դեսպանատան աջակցությամբ։