Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինին «չեն սպանի»։ Այս մասին Բելառուսի նախագահը հայտարարել է արտասահմանյան և բելառուսական լրատվամիջոցների լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է ԲելՏԱ-ն։
«Ես ամեն ինչ չգիտեմ և չեմ էլ ցանկանում ամեն ինչ իմանալ Պուտինի և Պրիգոժինի հարաբերությունների մասին: Բայց դուք պետք է հասկանաք, որ Պուտինը Պրիգոժինին շատ ավելի լավ է ճանաչում, քան ես: Ես պարզապես տեսել եմ նրան տարբեր միջոցառումներ կազմակերպելիս: Պուտինը նրան շատ ավելի լավ է ճանաչում, սկսած Սանկտ Պետերբուրգից, երբ նրանք ապրում ու աշխատում էին այնտեղ։ Եվ նրանք շատ լավ հարաբերություններ ունեին միմյանց հետ։ Գուցե նույնիսկ ավելին, քան պարզապես լավ: Պրիգոժինը, ես հաստատ գիտեմ, ազատության մեջ է: Նրա հետ մեկ անգամ չէ, որ հեռախոսով խոսել ենք։ Երեկ կեսօրին մենք նրա հետ հեռախոսով զրուցել ենք և քննարկել «Վագներ»-ի հետագա գործողությունների հետ կապված հարցերը։ Նա ինձ մի բան ասաց. «Մենք աշխատելու ենք հանուն Ռուսաստանի, հանուն Ռուսաստանի բարօրության, և մեր պարտքը կկատարենք մինչև վերջ, քանի որ պայմանավորվել ենք, և համապատասխան իշխանությունների կողմից որոշում կկայացվի»»,- պատմել է Լուկաշենկոն։
«Ի՞նչ կլինի Պրիգոժինի հետ հետո... Դե, կյանքում ամեն ինչ կարող է պատահել: Բայց եթե կարծում եք, որ Պուտինն այնքան չարամիտ և վրեժխնդիր է, որ վաղը նրան ինչ-որ տեղ կսպանեն... Ո՛չ, դա չի լինի»,- ընդգծել է նախագահը, փոխանցում է Tert.am-ը։