Ուկրաինային անվտանգության ցանկացած երաշխիք տրամադրելը չափազանց սխալ է և շատ վտանգավոր: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելով՝ այդ երկրներն իրականում անտեսում են անվտանգության անբաժանելիության միջազգային սկզբունքը, այսինքն՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելով՝ ոտնձգություն են անում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ»,-լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։
Նրա խոսքով, սա հղի է «շատ, շատ բացասական հետեւանքներով» ցանկացած պլանավորման հորիզոնում։
Ինչպես այսօր Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գծով ավագ տնօրեն Ամանդա Սլոութը, G7 երկրների առաջնորդները կհայտարարեն Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու երկարաժամկետ պարտավորությունների մասին: