Արցախում վիճակն օրհասական է, իսկ յուրաքանչյուր վաղվա օրը լինելու է էլ ավելի ծանր ու դժվար, Ստեփանակերտում մեկնարկած համաժողովրդական շարժման ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, փոխանցում է aysor.am-ը։
«Այսօր կան արդեն բազմաթիվ առողջապահական խնդիրներ, բազմաթիվ համայնքներ հաջորդաբար զրկվում են խմելու ջուր ունենալու հնարավորությունից, մայրաքաղաքից հեռու գյուղական համայնքների բնակիչները դարձել են գերիներ ու շատերի հետ միակ կապը հեռախոսազանգն է»,- ասաց նա։
Պետնախարարի խոսքով՝ Շուշիի շրջանի գյուղերի բնակիչները դարձել են պատանդ՝ ծայրահեղ բոլոր դրսևորումներով։
Մանկապարտեզներում երեխանեը գրեթե չեն սնվում, իսկ հիվանդանոցներում հիվանդներին տրվում է չնչին քանակի սնունդ։ Օրեր անց, նրա խոսքով, չեն աշխատելու շտապօգնության մեքենաները։
«Հիմա հարց եմ ուզում ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանին ու Ռուսաստանին՝ ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք սպասում, ուզում եք այս հրապարակում ամեն օր մենք մարդկանց դիակնե՞ր ունենանք, որ արձագանքեք, ուզում եք օրեր առաջ մանկահասակ երկու երեխաների մահվան դեպքի կրկնությո՞ւն, որ խելքի գաք։ Ես ասում եմ՝ բավական է»,- հայտարարեց Ներսիսյանը։