Թուրքիան մտադիր չէ հեռանալ Ռուսաստանից՝ չնայած ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների ակտիվացմանը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ այդ մասին ուրբաթ գրում է Sabah թերթը։
Երկուշաբթի օրը Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ Թուրքիան ընդունվի ԵՄ։ Այդ հայտարարությունից հետո, նույն օրը, ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնել է «որքան հնարավոր է շուտ» փաստաթղթեր ներկայացնել՝ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը Թուրքիայի խորհրդարանին վավերացնելու համար: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ եվրոպացիները չեն ցանկանում Թուրքիային տեսնել Եվրոպայում, և Անկարան չպետք է վարդագույն ակնոցներ կրի այս հարցում։
«ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների ակտիվացմանն ուղղված շարժումը չպետք է դիտվի որպես Ռուսաստանից հեռու մնալու ցանկություն: Արևմուտքի հետ հարաբերությունների նոր դարաշրջանը չպետք է ձևակերպվի որպես Ռուսաստանի դեմ: Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ակտիվ միջնորդի իր դիրքորոշումից: Պետք է ակնկալել, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ (Անկարան անհամբեր սպասում է օգոստոսին ) նախագահ Էրդողանը քայլեր կձեռնարկի ռուս-թուրքական հարաբերությունների ամրապնդման համար: Դիվանագիտությունը մի աշխարհ է, որտեղ բազմաթիվ դերակատարներ են փոխազդում, այն իրականացվում է ներկա պայմանների, իրադարձությունների, հետաքրքրությունների ու հնարավորությունների շրջանակներում»,–գրում է թերթը։