Սարգիս Խանդանյանը Լեհաստանի դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

16:40     20 հուլիսի, 2023

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 20-ին հանդիպել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկիին և փոխդեսպան Մարչին Ռոզիցկիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել նախորդ դեսպան Պավել Չեպլակի ներդրումը հայ-լեհական հարաբերությունների զարգացման հարցում:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունների մասին` Սարգիս Խանդանյանն արժևորել է Լեհաստանի և Հայաստանի բարեկամական խմբերի միջև ձևավորված հարաբերություններն ու կատարած աշխատանքը: Նա հույս է հայտնել, որ առավել կզարգանա և կամրապնդվի համատեղ գործուն աջակցությամբ ձևավորված հաջող համագործակցությունը:

Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարևորել է նաև երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև համագործակցության զարգացումը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` կարևորելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական և գործնական ջերմ հարաբերությունները:

Սարգիս Խանդանյանը դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև հայ-լեհական բազմոլորտ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր ևս:


© armedia.am