Freedom House հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) կենսական մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին և անհապաղ ձեռնամուխ լինել տեղաշարժի ազատության ապահովմանը ՝ բացելով Լաչինի միջանցքը (Արցախի Հանրապետությունը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: - Խմբ.) ՝ երաշխավորելով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։ Այս մասին ասվում է կազմակերպության Twitter-յան էջում:
«Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը քաղաքացիական բնակչությանը զրկել է կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Մենք կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերջ տալ անմեղ քաղաքացիական անձանց կանխամտածված սովի մատնելը»,- նշում է Freedom House-ը։