Դիվանագիտական հրապարակայնության հանդեպ ամենայն պրոֆեսիոնալ հարգանքով հանդերձ՝ ես, այնուամենայնիվ, խորհուրդ կտայի Ուկրաինայում բարեկամական Ադրբեջանի դեսպան Մարդալիևին ավելի զուսպ լինել «Ռուսաստանի ագրեսիայի» մասին արտահայտություններում։ Ինչպես հայտնում է NEWS.am-ը այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի սենատոր Գրիգորի Կարասինը։
«Նրա տեղեկությունները «Ուկրաինային ֆինանսական, հումանիտար և այլ օգնության քաղաքական պարտավորությունների» մասին լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունեն»,- ընդգծել է Կարասինը։
Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը մինչ այդ հանդիպել էր Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Բոգդան Դրապյատիի հետ։
Մարդալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը լիովին աջակցում է Ուկրաինային և հետագայում կօգնի նրան։ Արդբեջանի դեսպանը պատմել է աջակցության մի քանի ուղղությունների մասին՝ ուկրաինացի տղաների բժշկա-հոգեբանական վերականգնում, զինվորականների վերականգնում, օգնություն էներգետիկայի ոլորտում և հետպատերազմյան վերականգնում։ Քննարկվել է նաև թրենինգների անցկացումը փորձի փոխանակման համար հումանիտար ականազերծման ոլորտում։
Հանդիպման ավարտին Մարդալիևը հայտարարել է օգնության նոր փաթեթի մասին։ Դրանում կներառվի մեքենայացված ականազերծման մեքենա։