Մեկ ամիս առաջ նամակ եմ ուղարկել Ադրբեջանի ՄԻՊ-ին, սակայն դեռ պատասխան չեմ ստացել: Այսօր-ի հաղորդմամբ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Մանասյանը:
Անդրադառնալով Արցախում հումանիտար աղետի առնչությամբ միջազգային կառույցների արձագանքին՝ Մանասյանը նշեց, որ այստեղ կարիք կա գործուն քայլեր ձեռնարկելու.
«Շատ կարևոր է, որպեսզի միջազգային դերակատարները նաև գործուն քայլեր ձեռնարկեն՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Մենք չենք կարող ժամանակակից աշխարհում խոսել առնվազն երաշխավորված իրավունքների մասին: Մենք պետք է ունենանք հիմնարար իրավունքների լիակատար պաշտպանություն և երաշխավորում»:
Ինչպես հայտնում է NEWS.am-ը՝ անդրադառնալով երեկ ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում Ադրբեջանի ներկայացուցչի էժանագին ելույթին, որում ներառված էին արցախցիների իբրեւ թե «լավ» ապրելակերպը եւ հարցին, թե այս ընթացքում ի՞նչ գործուն քայլեր է անում ՀՀ ՄԻՊ-ը, Մանասյանն ասաց. «ՄԻՊ-ը արտահերթ զեկույցներ է հրապարակել, որտեղ շատ մանրամասն ներկայացված է իրավիճակը Արցախում: Այդտեղ ոչ թե ընդհանրական ձեւակերպումներ են, այլ քանակական եւ վիճակագրական տվյալներ են ներկայացված, որակակական վերլուծություններ են արված, մասնավորապես, եզրահանգումներ թե որ հիմնարար իրավունքների հետ կապված են խնդիրներ առաջ գալիս: Մենք 2 շաբաթը մեկ պարբերականությամբ մեր միջազգային գործընկերներին ուղարկում ենք իրավիճակի հետ կապված հիմնական զարգացումները»: