Բազմաթիվ արցախցիներ շարունակում են փակ պահել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, որով Ադրբեջանը ցանկանում է իբր «հումանիտար օգնություն» ուղարկել Արցախ, հայտնում է Armenpress-ը։
Նրանք վստահեցնում են, որ Ադրբեջանը խաղաղասիրական օրակարգ չունի և երբեք չի ունեցել, ինչի ապացույցն են Ադրբեջանից պարբերաբար հնչող հայատյաց հայտարարությունները։
Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանցիներն անցել են ՌԴ խաղաղապահների անցակետն ու փորձում են վրաններ տեղադրել: «Ադրբեջանցիների հետ 200-400 մետր հեռավորության վրա ենք գտնվում: Մենք այստեղ ենք խոչընդոտելու` «հումանիտար բեռի» մուտքն Արցախ: Նրանց ուղարկած օգնությունը մեզ պետք չէ: Թող բացեն Քաշաթաղի (խմբ․ Լաչինի) միջանցքը»,-ասել է Գաբրիելյանը:
Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն էլ հայտնել է, որ Ասկերանի վարչակազմի ղեկավար Հրայր Ապրեսյանը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներից մեկի հետ, ով այս պահին գտնվում է ադրբեջանցիների մոտ։
Նա նաև հայտնել է, որ ճանապարհը փակած արցախցիները վրաններ են տեղադրում այդ հատվածում։
ՌԴ խաղաղապահների արգելափակոցի դիմաց էլ, որտեղ կանգնած են ադրբեջանական բեռնատարները, վրաններ են տեղադրել նաև Ադրբեջանի ներկայացուցիչները։
Ադրբեջանն օգոստոսի 29-ին հայտարարել էր, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ։ Լաչինի միջանցքն արգելափակելու եղանակով ԼՂ-ում հումանիտար աղետ ստեղծած և այդ հումանիտար աղետը պարբերաբար հերքող Ադրբեջանը որոշել է մարդասեր երևալ ու իբր «մարդասիրական ժեստ» անել։ Պաշտոնական Ստեփանակերտն ավելի ուշ հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից առաջարկվող «հումանիտար բեռն» ընդունելու վերաբերյալ Արցախի իշխանությունների հետ որևէ պայմանավորվածություն չի եղել, այն ընդունելու որոշում էլ չկա։