Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին քառօրյա այցով կժամանի Ռուսաստան։ Ինչպես տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ-ն, այցի շրջանակում տեղի կունենան բանակցություններ անվտանգության հարցերի վերաբերյալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվել է, որ Վան Ին Ռուսաստան կժամանի ռազմավարական անվտանգության վերաբերյալ չին-ռուսական խորհրդատվությունների 18-րդ փուլի անցկացման համար, այցը տեղի կունենա սեպտեմբերի 18-21-ը Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով։
Մինչ այդ ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Վան Ին կհանդիպի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, և նրանք նախատեսում են «կենտրոնանալ միջազգային ասպարեզում համագործակցության ամրապնդման ջանքերի վրա»։ Տեղի կունենա կարծիքների հանգամանալից փոխանակում Ուկրաինայում կարգավորման հարցերի, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ուղիների հետ կապված։