ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը, հաղորդում է News.am-ը։
«Պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ երկխոսության։ Նա վարչապետ Փաշինյանին ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,– հայտարարել է Միլլերը։