Վաղը 7:30-ից բոլոր խմբերով Երևանի տարբեր հատվածներում փակվելու են խաչմերուկներ և փողոցներ

20:48     21 սեպտեմբերի, 2023

Քաղաքացիները հրապարակից շարժվեցին տարբեր ուղղություններով. նրանք փողոցներ են փակում՝ կաթվածահար անելով երթևեկությունը, փոխանցում է News.am-ը։ 

Քաղաքացիների մի մասը շարժվել է դեպի Արշակունյաց պողոտա, մի մասը դեպի քաղաքապետարան, մյուս մասը Մաշտոցի պողոտա:

Հրապարակում ելույթ ունենալիս Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ վաղվանից հայտարարվում է դասադուլ և գործադուլ.

«Հորդորեք, ստիպեք նույնը անել դասախոսներին: Հայտարարում եք դասադուլ և ինքնակազմակերպված փակում եք փողոցները: Ռեկտորներին՝ չփորձեք որևէ խոչընդոտ առաջացնել, որովհետև ձեր անունները հնչելու են հենց այս հրապարակում»,- ասաց Անդրանիկ Թևանյանը:

Նա հայտարարեց, որ վաղը 7:30-ից բոլոր խմբերով Երևանի տարբեր հատվածներում փակելու են խաչմերուկներ և փողոցներ, որպեսզի կաթվածահար անեն երթևեկությունը.

«Թույլ է տրվում միայն շտապ օգնության, հրշեջ մեքենաների և միայն խիստ անհրաժեշտության գնացող մեքենաների»:

Թևանյանը նաև շեշտեց, որ քաղաքացիները որևէ կերպ ոստիկանության հետ բախման չգնան. «Եթե տեսնում եք, որ այդտեղ խնդիր ունեք, շատ մանր խմբերով ցրվում եք ու փակում եք հարակից փողոցը: Ով ոստիկանական բաժնում չհայտնվեց՝ չեմպիոն է: Խնդիրը ձերբակալվելը կամ բերման ենթարկվելը չէ, այլ մեր բողոքը ցույց տալն է»:

Թևանյանը անդրադառնալով գործադուլին՝ հայտարարեց, որ հայ գործարարները թույլ տան իրենց աշխատակիցներին՝ միանալ անհնազանդության ակցիաներին. «Հայտարարեք գործադուլ, Գագիկ Ծառուկյան, Վարդանյան եղբայրներ, Սամվել Ալեքսանյան, Սամվել Կարապետյան, ռուսական խոշոր ընկերություններ, դուք պետք է միանաք ցույցերին ձեր աշխատակիցների հետ: Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, եթե դուք հանկարծ խոչընդոտեք ձեր աշխատակիցների գործադուլին, այս ժողովրդով ձեր հիմնարկ ենք գալու: Հանկարծ մտքներովդ չանցնի ճնշել աշխատակիցներին»:


© armedia.am